Posted in Պատմություն

Պատմություն

Առաջին պարապմունք․ Ստորին Միջագետք

 
Միջագետքի (Եփրատ ու Տիգրիս գետերի միջին և ստորին հոսանքների ավազանը) հարավը կոչվել է Շումեր: Մ. թ. ա. XXIV դարում Ումմա քաղաքի արքան իր տիրապետությունն է հաստատել շումերական բոլոր (Ուր, Ուրուկ, Քիշ, Լագաշ և այլն) քաղաքների վրա, առաջին անգամ Շումերը միավորել է մեկ պետության մեջ:  Սակայն շուտով Աքքադը նվաճել է շումերական պետությունը:Աքքադը Շումերից հյուսիս էր: Նրա հիմնադիրը՝ Սարգոն I-ը (մ. թ. ա. 2330– 2295 թթ.), պատմության մեջ առաջին անգամ ստեղծել է հատուկ մարզված մշտական զորք՝ բաղկացած 5400 զինվորից, նվաճողական ու կողոպտչական արշավանքներ ձեռնարկել շրջակա երկրների և ցեղերի դեմ՝ Պարսից ծոցից հասնելով մինչև Տավրոսի լեռներ, Էլամից` մինչև Միջերկրական ծով: Սարգոն Աքքադացու ստեղծած պետությունը Հին աշխարհի առաջին աշխարհակալ տերությունն էր. հզորության գագաթնակետին է հասել Սարգոն I-ի թոռան՝ Նարամսինի օրոք (մ. թ. ա. մոտ 2238–2202 թթ.): Ի թիվս այլ երկրների՝ նա արշավել է նաև Հայկական լեռնաշխարհ: Նարամսինն իրեն հայտարարել է աստված: Սակայն նրա որդու օրոք` մ. թ. ա. մոտ 2200 թ-ին, կուտիների լեռնական ցեղերը նվաճել են Աքքադը: Մ. թ. ա. XVIII դարում Շումերում և Աքքադում գերիշխանության է հասել Հին Բաբելոնի թագավորությունը: Բաբելոն (աքքադերեն է. նշանակում է աստծու դարպաս) քաղաքը, որի անունով կոչվել է երկիրը, կենտրոնական Միջագետքում էր՝ Եփրատի ափին: Պետությունը գոյատևել է մ. թ. ա. 1894 թ-ից մինչև մ. թ. ա. 539 թ.: Համմուրապի արքան (մ. թ. ա. 1792–1750 թթ.) օրենքներով ամրագրել է երկրի քաղաքական, սոցիալական և վարչական կառուցվածքը: Հետագայում Առաջավոր Ասիայի պետությունների օրենքները գրելիս օգտվել են Համմուրաբիի օրենսգրքից: Մ. թ. ա. XVIII դարի 2-րդ կեսից Բաբելոն են թափանցել կասսիտական ցեղերը և հիմնել իրենց տիրապետությունը (մ. թ. ա. 1518–1204 թթ.): Հայաստանում՝ Մեծամորում, հայտնաբերվել են կշռաքար և կնիք՝ կասսիտական որոշ արքաների անուններով:Կասսիտների տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր հարստության ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի (մ. թ. ա. 1146–1123 թթ.) օրոք: Այնուհետև Ասորեստանը բազմիցս կողոպտել ու ավերել է Բաբելոնը, իսկ մ. թ. ա. 732 թ-ին ենթարկել է իր տիրապետությանը: Ասորեստանի անկումից (մ. թ. ա. 605 թ.) հետո Բաբելոնի թագավորությունը (պատմագրության մեջ կոչվում է Նոր Բաբելոնյան կամ Քաղդեական) վերստին դարձել է Առաջավոր Ասիայի հզոր տերություն: Նաբուգոդոնոսոր II-ը (մ. թ. ա. 604–502 թթ.) մ. թ. ա. 586 թ-ին գրավել է Երուսաղեմը և հրեաների զգալի մասին բռնի գաղթեցրել Բաբելոն (հայտնի է «բաբելոնյան գերություն» անունով): Մ. թ. ա. 539 թ-ին Աքեմենյան Կյուրոս Մեծ արքան նվաճել է Բաբելոնը, այդ արշավանքին, ինչպես նշում է Քսենոփոնը «Կյուրոպեդիա» երկում, մասնակցել են արմենների (հայերի) 8-հզ-անոց այրուձին և 40-հզ-անոց հետևակը:                                 Երկրորդ պարապմունք․ Վերին ՄիջագետքՄիջագետքի հյուսիսի ամենանշանավոր քաղաք-պետությունն Աշշուրն էր, որի վաճառականները մ. թ. ա. XX–XIX դարերում առևտրական գաղութներ (ֆակտորիա) ունեին Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում: Աշշուրի թագավոր Շամշի-Ադադ I-ը (մ. թ. ա. 1813–1781 թթ.) Վերին Միջագետքի քաղաքները միավորել է մեկ հզոր պետության կազմում՝ Աշշուր մայրաքաղաքով: Սակայն նրա մահից հետո այն տրոհվել է: Մ. թ. ա. XVII դարի վերջին Վերին Միջագետքում կազմավորվել է Միտանի պետությունը, որի հիմնական բնակիչները խուռիներն էին: Միտանին ժամանակի հզորագույն պետություններից էր. Հայկական լեռնաշխարհի մի զգալի հատված նույնպես նրա կազմում էր: Լճաշենում, Արթիկում, Լոռիբերդում հայտնաբերված կնիքները և զենքերի ու զարդերի նմուշները վկայում են, որ Հայաստանի հնագույն բնակիչները սերտ կապեր են ունեցել այդ երկրի հետ: Մ. թ. ա. XIV դարում Միտանին թուլացել է և ընկել խեթերի տիրապետության տակ, իսկ հաջորդ դարում Ասորեստանն է նվաճել այն:Միտանիի անկումից հետո Հյուսիսային Միջագետքը և հարևան երկրները միավորվել են Ասորեստանի (գլխավոր կենտրոն Աշշուր քաղաքի անունով) աշխարհակալ տերության կազմում: Երկրի ռազմատենչ արքաները (Թիգլաթպալասար I, մ. թ. ա. 1116–1090 թթ., և ուրիշներ) հաճախ են արշավել նաև Հայկական լեռնաշխարհ:Ասորեստանը հզորության բարձրակետին է հասել մ. թ. ա. VIII դարի 2-րդ կեսից մինչև VII դարի 1-ին կեսը: Նրա տիրապետությունն ու ազդեցությունը տարածվել են Իրանական սարահարթից մինչև Միջերկրական ծով, Պաղեստին և Փոքր Ասիայի հարավ: Առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար Ասորեստանը մրցակցել է Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) հետ: Մ. թ. ա. VII դարի 2-րդ կեսից Ասորեստանն սկսել է թուլանալ: Նրա վաղեմի թշնամին՝ հզորացած Բաբելոնը, և նորաստեղծ Մարաստանը դաշինք են կնքել Ասորեստանի դեմ: Նրանց է միացել Պարույր Սկայորդին՝ հայկական զորքով: Մ. թ. ա. 612 թ-ին դաշնակիցները միացյալ ուժերով գրավել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն (այժմ՝ Քույունջիկի բլուր՝ Իրաքում): Այդ արշավանքին մասնակցելու համար Պարույր Սկայորդին Մարաստանի թագավորից թագ է ստացել և ճանաչվել հայոց թագավոր: Մ. թ. ա. 605 թ-ին Ասորեստանը վերջնականապես կործանվել է:Մշակույթ: Շումերական քաղաք-պետությունների զարգացման ժամանակաշրջանը համարվում է շումերական քաղաքակրթության գագաթնակետը: Առաջինը շումերներն են պատրաստել ոսկե իրեր ու զենք, ոսկին օգտագործել արծաթի ու բրոնզի հետ զուգակցված, հայտնագործել գունավոր ապակին ու բրոնզը, անիվն ու սեպագիրը, կազմել առաջին օրենսգիրքը, հայտնագործել թվաբանությունը:Համմուրաբիի օրենքների ժողովածուն օրենսդրության հնագույն հուշարձանն է Միջագետքի՝ իրավական ու սոցիալ-տնտեսական կառույցի մասին (սեպագիրը՝ 9-մ-անոց բազալտե սյան վրա, հայտնաբերվել է Էլամի Շոշ մայրաքաղաքում, 1901–02 թթ-ին):Շումերներն առաջինն են փորձ արել բարոյապես հաղթահարել մահը և այն դիտել որպես դեպի հավերժություն տանող վիճակ: Շումերական դիցաբանության մեջ եղել են ոսկեդարի և դրախտային կյանքի պատկերացումները, որոնք հետագայում փոխանցվել են Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների ու ներառվել աստվածաշնչյան սյուժեներում:Քրմերը կարողացել են ճշգրտությամբ որոշել տարվա տևողությունը` 365 օր 6 ժամ 15 րոպե 41 վայրկյան: Նրանք իմացել են Արեգակի ու աստղերի շարժման օրենքները և կանխագուշակել պետության կյանքի կարևոր իրադարձությունները:Շումերական ճարտարապետությունն ու քանդակագործությունն աչքի են ընկնում գեղարվեստական հղկվածությամբ: Կառուցվել են տաճարային համալիրներ՝ զիկկուրատներ, որոնք ոչ միայն հոգևոր կյանքի, այլև գիտամշակութային կենտրոններ էին:Շումերում է ստեղծվել աշխարհում առաջին՝ «Գիլգամեշ» էպոսը, նաև Համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելը, որը հետագայում հին հրեաները շարադրել են Աստվածաշնչում, որտեղ  Զիուսուդրա արքայի փոխարեն հանդես է գալիս Նոյը:Բաբելոնական, քաղդեական և ասորական քաղաքակրթությունները հիմնականում եղել են շումերական քաղաքակրթության շարունակությունը:Ասորեստանի Աշուրբանիպալ (մ. թ. ա. 669–633 թթ.) թագավորը Նինվեում հավաքել է տասնյակհազարավոր պատմական, կրոնական և այլ բնագրեր՝ մոտ 30 հզ. կավե սալիկների վրա, ստեղծել է առաջին գրադարանը. հայտնի է որպես Աշուրբանիպալի գրադարան (հայտնաբերվել է Նինվեի պեղումների ժամանակ՝ 1949–54 թթ-ին): Բարձրաքանդակներով և որմնանկարներով է զարդարվել հատկապես Ասորեստանի Սարգոն II արքայի պալատը:Միջագետքում է ստեղծվել սեպագիրը, որը մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին Առաջավոր Ասիայում վերածվել է միջազգային գրի համակարգի. սեպագիրն ստեղծել են շումերները, նրանցից փոխանցվել է բաբելոնացիներին ու աքքադացիներին: Սեպագիր արձանագրությունների 1 մլն-ից ավելի նմուշներ պահպանվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում: Սեպագիր արձանագրություններ են թողել աքքադները, բաբելոնացիները, էլամցիները, խեթերը, ասորեստանցիները, ուրարտացիները և ուրիշներ:Բաբելոնացիներից սեպագիրը փոխառել են պարսիկները, կատարելագործել այն՝ հարյուրավոր գրանշանների փոխարեն օգտագործելով ընդամենը 40-ը, որոնք նշանակել են վանկեր ու տառեր:

Leave a comment