Posted in հայրենագիտություն

Հայրենագիտություն

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում[1]:

Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը: 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»): Թանգարանի քանդակային ձևավորումը  հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով: Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի[2]:

Posted in հայրենագիտություն

Հայրենագիտություն

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի): Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում[1]։