«ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից՝ 250 կմ հարավ:Ճանապարհը տևում է 3,5-4 ժամ: Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տևում է 40 րոպե։ Երբ առաջին օդախուցը հասնում է «Տաթև» կայան, երկրորդը ժամանում է «Հալիձոր» կայան, և այն բանից հետո, երբ «Թևերը» վերբեռնվում են, սկսվում է հետադարձ ճանապարհը։ Յուրաքանչյուր օդախցում տեղավորվում է 30 ուղևոր[2] և մեկ ուղեկցորդ, իսկ ճոպանուղու թողունակությունը ժամում 240 ուղևոր է։ Հզոր հենասյուները ճանապարհը բաժանում են 4 գրեթե հավասար մասերի։ Վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը 2,7 կմ է. այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանքը:
«Տաթևի դարպասներ»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը[3]։
«ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի նախաձեռնողներն են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը: Ճոպանուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին: Նույն թվականի հոկտեմբերի 23-ին «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի: Ի դեպ, ռեկորդային է ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։