Posted in հայրենագիտություն, Uncategorized

Զվարթնոց թանգարան

1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0, 63 մ x 2, 7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ։ Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն)։ Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ։ Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչաքար, չեչաքար, փրփրաքար (պեմզա), վանակատ և այլն։

Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է։ Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ։ Տաճարն ունեցել է 5 շքամուտք։ Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը։ Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն։ Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար՝ տաճարի ճարտարապետի անունը։

Հայկական ճարտարապետությունը կրել է Զվարթնոցի ազդեցությունը. այն վաղմիջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար է։ Մեզ հասած հայկական ճարտարապետության կոթողներից զվարթնոցատիպ են Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և Բանակի (VII դար), Աղվանքում՝ Լյակիթի (VII դար), Անիում՝ Գագկաշեն Սուրբ Գրիգոր (XI դար) եկեղեցիները։

1980–90-ական թվականներին վերականգնվել են Զվարթնոցի խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը։

1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին. ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են:



 

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Տաթևի ճոպանուղի

«ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից՝ 250 կմ հարավ:Ճանապարհը տևում է 3,5-4 ժամ: Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տևում է 40 րոպե։ Երբ առաջին օդախուցը հասնում է «Տաթև» կայան, երկրորդը ժամանում է «Հալիձոր» կայան, և այն բանից հետո, երբ «Թևերը» վերբեռնվում են, սկսվում է հետադարձ ճանապարհը։ Յուրաքանչյուր օդախցում տեղավորվում է 30 ուղևոր[2] և մեկ ուղեկցորդ, իսկ ճոպանուղու թողունակությունը ժամում 240 ուղևոր է։ Հզոր հենասյուները ճանապարհը բաժանում են 4 գրեթե հավասար մասերի։ Վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը 2,7 կմ է. այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանքը:
«Տաթևի դարպասներ»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի  համայնքի զարգացմանը[3]։
«ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի նախաձեռնողներն են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:  Ճոպանուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին: Նույն թվականի հոկտեմբերի 23-ին «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի: Ի դեպ, ռեկորդային է ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։