Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է[2]։Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում։ Արևելքից արևմուտք ձգված ուղանկյուն հատակագծով գմբեթավոր բազիլիկ է (20,71×31,62 մ արտաքին չափերով)՝ կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով, արտաքին կամարաշար սրահով։ Աղոթասրահը ուղղանկյուն դահլիճ է՝ երկշար մույթերով բաժանված երեք նավերի։ Արտաքին սրահը երեք կողմերից (հյուսիսային, արևմտյան և արևելյան) եզերում է աղոթասրահը։Եկեղեցին կառուցվել է տեղական բաց շականակագույն ֆելզիտից, որն արևի ճառագայթներից շողշողում է տարբեր նրբերանգներով, կոթողն աչքի է ընկնում ներդաշնակ համաչափություններով, հրաշալի զարդաքանդակներով։ Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, աղոթասրահից բացի ընդգրկում է երեք կողմից շրջապատող արտաքին սրահը՝ բաց խորանով։ Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ։ Հատկապես հետաքրքիր է պատուհանից աջ հրեշտակի կերպարը։ Օձունի հրեշտակը ներկայացված է բարդ դիրքում՝ նա կարծես ձեռքերով հենվում է պատուհանի շրջակալին։ Վանքի կողքին գտնվում է 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։