Լայնություն` 56 կմ
Մակերես ` 1243 կմ2
Ծավալ` 33.2 կմ3
Ամենամեծ խորություն` 100 մ
Միջին խորություն` 30 մ
Թափանցելիություն` 4.5 մ
Ավազանի մակերես` 3647 կմ2
Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։





